Հայոց բանակ, մեր սիրելի’ զավակ, դու չես պարտվել, քեզ թիկունքից հարվածել են․ Սերժ Սարգսյանի ուղերձը

Քաղաքականություն

«Հայո՛ց բանակ, մեր սիրելի’ զավակ, Քո ծննդյան օրը մեր ժողովրդի նվիրական տոներից մեկն է, որ մշտապես նշել ենք բերկրանքով: Այսօր, սակայն, տրամադրությունն այլ է՝ բոլորս տրտմած ենք, վշտակիր՝ մեր Հայրենիքի մի հատվածի կորստյան, մեր նահատակների համար և մտահոգված` մեր պետության ու ազգի ապագայով: Ծնողը, սակայն, ոչ մի պարագայում իր զավակին չի ուրանում և հատկապես դժվար պահին միայնակ չի թողնում: Մեր ժողովուրդն իր զավակին մեծացրել է զրկանքների գնով, անասելի փորձությունների ենթարկվելով և հայրենանվեր զավակ է դաստիարակել:Ուստի, այսօր անվարան ասում եմ՝ շնորհավոր օրդ, Հայո՛ց բանակ»,–նշել է Սարգսյանը:

ՀՀ երրորդ նախագահը նշել է, որ Հայոց բանակի ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած իր մարտական ընկերների և զինակիցների անունից ասում է, որ բանակը չի պարտվել։

«Դու չե´ս պարտվել, ես քեզ լավ եմ ճանաչում. քեզ դավել են, թիկունքից հարվածել, ծանր վիրավորել են, իսկ մինչ այդ՝ վերջին տարիներին ամեն ինչ արել վարկաբեկելու և թուլացնելու համար, բայց դու անմնացորդ կատարել ես քո պարտքը: Եվ այսօր հազարավոր ծնողներ քո սխրագործություններից դրվագներ են պատմում՝ այդպես էլ չպատկերացնելով, թե ով և որտեղ քեզ մոլորեցրեց ու ծուղակը գցեց:

Թշ նամին, որ մշտապես քեզնից վախեցել է, լավ գիտի, թե ինչ նենգ միջոցներով է իր նպատակին հասել: Դու նույն ուժեղն ես, և թող ոչ ոք չհոխորտա, թե քեզ հաղթել է: Քո բազկի ուժը դեռ ցույց ես տալու և վերհիշեցնես թշնամուն իր ոչ հեռավոր ամոթալի անցյալը: Դու եղել և մնում ես մեր անկախ պետականության առանցքը, մեր ժողովրդի, Արցախի մեր քույրերի ու եղբայրների անվտանգության երաշխավորը»,–նշել է նա:

Սարգսյանն ընդգծել է, որ մեր ճանապարհը, որքան էլ դժվարին ու ականապատ լինի՝ ներսից թե դրսից, անցնելու ենք միասին՝ միմյանց ապավինելով, հաղթահարելով բոլոր դժվարությունները:

Հունվարի 28–ին ՀՀ ԶՈւ–ն նշում է իր կազմավորման 29-ամյակը։ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:

Հայոց բանակի ստեղծման օրն այս տարի կնշվի առանց ավանդական մեծ հանդիսությունների։ ՀՀ պաշտպանության նախարարությունից ավելի վաղ տեղեկացրել էին, որ հունվարի 28-ին նախատեսված չեն մեծ տոնակատարություններ, համերգներ։ Սակայն փոքրիկ միջոցառումներ կլինեն երկրի բոլոր զորամասերում։

 

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *