Ինչպես դիմավորել Սպիտակ Ցուլի տարին, ինչ հագնել, ինչ նվիրել, ինչ մատուցել տոնական սեղանին, որ տարին լինի հաջողակ

Այլ լուրեր Հետաքրքիր

Բավականին ծանր 2020թ.–ը շուտով կհասնի իր տրամաբանական ավարտին։ Ուզում ենք հավատալ, որ, հնարավոր է, գալիք` 2021թ.–ը կլինի ավելի բարենպաստ, և այն, իհարկե, պետք է նշել, թեկուզ համեստ, բայց ջերմ ընտանեկան միջավայրում։ 2021թ.–ին Առնետը կառավարման ղեկը կհանձնի Սպիտակ Մետաղական Ցուլին։ Ցուլն ազնվաբարո կենդանի է։ Լինելով ազնիվ ու բաց` տանել չի կարողանում անտեղի իրարանցումը, հնարամտությունն ու սուտը։ Ցուլն իր մեծահոգությամբ կաջակցի նրանց, ովքեր կխաղան կանոններով` չվախենալով համառ աշխատանքից։ Նման մարդիկ 2021թ.–ին կհասնեն հաջողության բոլոր ոլորտներում` ֆինանսական, քաղաքական, գործնական, ընտանեկան։

Աստղերը խոստանում են, որ կայուն Ցուլի 2021թ.–ը կնվազեցնի ընդհանուր լարվածությունն աշխարհում, որն առաջացել է լոկալ պա տերազմների և կորոնավիրուսի պատճառով։ Գալիք տարվա էներգիան բարենպաստ է կարիերայի աճի, խոշոր գործարքների, համարձակ նախագծերի իրագործման, ինչպես նաև ընտանիք ստեղծելու համար։ Ցուլի սպիտակ գույնը մարմնավորում է մտադրությունների մաքրությունը, անկեղծությունն ու արդարությունը։ Իսկ մետաղի տարերքը բնորոշում է տոկունություն և հուսալիություն։ Այսպիսով, Սպիտակ Մետաղական Ցուլի տարին հաջող ժամանակաշրջան է ինչ–որ նոր բան ստեղծելու, արդեն գոյություն ունեցողը պահպանելու և ընդլայնելու համար։ 2021թ.–ի խորհրդանիշի նշանաբանն է չընկրկել դժվարությունների առջև` դրսևորելով կամքի և հոգու ուժ։ Տարվա խորհրդանիշի դրական էներգետիկան գրավելու համար պետք է հետևել նրա հինգ կանոններին.

Ընտանեկան ավանդույթներ և արժեքներ։ Ցուլն ընտանի, հոտային կենդանի է։ Նրա համար կարևոր է ընտանիքն ու ընտանեկան օջախի ջերմությունը։ Այդ պատճառով 2021թ.–ը դիմավորելու համար կատարյալ տարբերակ է ընտանեկան տոնի ջերմ մթնոլորտը։ Ընտանեկան արժեքների և ավանդույթների հարցում Ցուլը պահպանողական հայացքներ ունի։ Ամանորյա սեղանի շուրջ պետք է ներկա լինեն ամենամտերիմ, թանկ մարդիկ, ընտանեկան ցեղի ներկայացուցիչները։

Առաջնահերթ է պրակտիկությունը։ Ցուլին բնորոշ չէ պարծենկոտությունն ու մեծամտությունը։ Հանգիստ և ինքնավստահ կենդանին կարիք չունի լրացուցիչ ցուցադրել իր առավելությունները։ Այդ պատճառով տոնին նախապատրաստվելիս` նվերների, հագուստի, ամանորյա զարդերի հարցում պետք է լինել պրակտիկ։ Որպես ամանորյա նվեր կարելի է ընտրել կենցաղային տեխնիկա, գաջեթներ, որակյալ և հարմարավետ տնային տեքստիլ, ինչպես նաև ֆիթնես ակումբի, վարպետության դասերի աբոնեմենտներ, կազդուրիչ պրոցեդուրաների սերտիֆիկատներ և այլն։

Դասականն ու էկոլոգիականն առաջնային են։ Ցուլը չի սիրում պճնամոլություն, վառ գույներ, այդ պատճառով հագուստ, ամանորյա սեղանի և ինտերիերի զարդեր ընտրելիս խորհուրդ է տրվում խուսափել շքեղությունից, «ճչացող», էժանագին զարդերից։ Եվ ոչ մի կարմիր։ Ցուլի սրտով կլինի խիստ դասականը` սպիտակ սփրոցն ու անձեռոցիկները, գեղեցիկ սպասքն ու մոմակալները և էկո ոճը` եղևնու ճյուղերից պատրաստված կոմպոզիցիաներ` զարդարված ոսկեզօծ և արծաթազօծ գնդիկներով, կոներից և այլ բնական նյութերից պատրաստված կոմպոզիցիաներ։ Ինտերիերի համար ցանկալի է ընտրել հանգիստ և «խաղաղ» գունային գամմա` բաց տոների, օրինակ, բեժագույն, փղոսկրի գույն, ինչպես նաև բնական գույներ` սուրճի, խոտի, փայտային, ավազի գույներ։

Պարզություն և բազմազանություն։ Ցուլը սիրում է ուտել, բայց նախընտրում է հասարակ և օգտակար սնունդ։ Նա հյուրընկալ է և առատաձեռն, սակայն հակված չէ որկրամոլության և չափազանց շքեղության։ Այդ պատճառով ամանորյա սեղանին պետք է լինեն բազմազան, բայց պարզ ու հասարակ ճաշատեսակներ` կանաչեղեն, բանջարեղեն, միրգ, պանիր։ Եվ հասկանալի պատճառով ամանորյա սեղանին չպետք է լինեն տավարի կամ հորթի մսից պատրաստված ճաշատեսակներ, հակառակ դեպքում կարող եք բարկացնել տարվա խորհրդանիշ Ցուլին։

Մաքրություն և կարգուկանոն ամեն ինչում։  Ամենուր պետք է լինի մաքուր, անպայման մի լավ մաքրեք տունը տոնից առաջ։ Բացի այդ, կարգուկանոն պետք է հաստատել նաև ֆինանսական հարցերում` վերադարձնել պարտքերը, վճարել վարկերն ու կոմունալները, լուծել վիճահարույց հարցերը։ Եթե ուզում եք ամբողջ տարվա ընթացքում չբախվել ֆինանսական խնդիրների հետ, ապա հետևեք, որ Ամանորի գիշերը ձեր դրամապանակում լինի կանխիկ գումար` թե թղթադրամ, թե մետաղադրամ, ոչ թե միայն պլաստիկ քարտեր։

Եվ վերջում ամենակարևորի մասին` Ամանորը միշտ դիմավորեք հանգիստ հոգով` ազատվելով ցավից, վիրավորանքից և վեճերից։ Գլխից հանեք բոլոր մանր–մունր հարցերը։ Թող ձեր մտքերը լինեն մաքուր, իսկ մտերիմների նկատմամբ վերաբերմունքը` բարի ու ազնիվ։ Դա վեհանձն և մեծահոգի Ցուլի գլխավոր պայմանն է ու երջանկության, ուրախության և բարեկեցության գլխավոր երաշխավորը գալիք տարում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *